ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պուտինի խոսնակի վերջակետը. մեր պահանջը մերժված է

Պուտինի խոսնակի վերջակետը. մեր պահանջը մերժված է
21.01.2015 | 19:27

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին: ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը և հետագայում դատավարությունը տեղի կունենան բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս տեղեկատվությունը կարդացող ընթերցողին կթվա, թե Կրեմլը հումանիստ է դարձել ու օպերատիվ արձագանքել է մեր հասարակության պահանջ-խնդրանքին, հորդորին, իրենն է համարել Հայաստանի ժողովրդի ցավն ու որոշել է զինվորական ոճրագործին հանձնել Հայաստանի իրավազորությանը: Նման բան, սակայն, չկա, գոյություն չունի. քննությունն ու դատավարությունը իրականացվելու են ռուսական պատկան մարմինների կողմից՝ Ռուսաստանի օրենսդրությամբ, եթե կուզեք՝ ցանկությամբ ու քմահաճույքով: «ԳԱԼԱ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակիցը երեկ հարցազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ, ով բառացիորեն ասել է. «Քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, ապա բնական է, որ դրանք ռուսաստանյան օրենքներն են, կլինի ռուսաստանյան դատավարություն»: Կարծում եմ՝ կարիք չկա ասելու, որ սա ոչ թե ռուս պաշտոնյայի մասնավոր կարծիք է կամ էլ որևէ գերատեսչության շահագրգիռ մոտեցում, այլ Վլադիմիր Պուտինի քաղաքական որոշումն է, որը, կարելի է ասել, բեկման ենթակա չէ: Իր կառավարման տարիներին Ռուսաստանի նախագահը քանիցս ապացուցել է, որ սովոր չէ վերանայելու իր որոշումները, եթե նույնիսկ դրանք արդարացված չեն կամ քննադատութան են ենթարկվում միջազգային հանրության կողմից: Անկեղծ լինելու համար խոստովանենք նաև, որ մեր հասարակությունը չունի հակակայսերական (ոչ թե հակառուսական) պայքարի, ըմբոստության այնպիսի ռեսուրս, որը լուրջ անհանգստություն դառնա Մոսկվայի համար: Կրեմլում վստահ են, որ Հայաստանի իշխանությունը վերահսկում է վիճակը ու իրենց քաղաքական մշակույթին հավատարիմ՝ դաշնակից են համարում ոչ թե մեր հասարակությանը, այլ իշխանությանը: Իրավական առումով՝ Գյումրու ոճրագործության առթիվ հարուցված քրեական գործի պատասխանատվության հարցը լուծված է. քննությունը վարելու են ռուսները, մերոնք օժանդակելու են: Այս լուծումը մեր հասարակությանը չի բավարարում, սակայն կարճաժամկետ հեռանկարում պետք չէ սպասել զանգվածային հուզումների: Մյուս կողմից, Գյումրու հուզումները պետք է ահազանգ դառնան Կրեմլի համար, որովհետև փոխված է մեր հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ ու դա, վաղ թե ուշ, դառնալու է քաղաքական վարքագիծ: «Ես օրինակներ չեմ բերի, երբ մարդիկ խելագարվում են բոլորովին անհասկանալի պատճառներով այլ իրավիճակներում և այլ երկրներում, նմանատիպ բազմաթիվ օրինակներ կան և աներևակայելի բաներ են անում: Միայն կասեմ, որ մենք տեսնում ենք այս իրավիճակը քաղաքականացնելու փորձեր: Դրանք չեն գալիս Հայաստանի ղեկավարությունից, ոչ էլ Ռուսաստանի ղեկավարությունից: Քիչ չեն ցանկացողները՝ ողբերգությունն օգտագործել կրկին աշխարհաքաղաքական առավելություններ ստանալու համար: Դա զզվելի է, դա անթույլատրելի է, դա արժանի չէ հպարտ հայ ժողովրդին, որը, ես գիտեմ, երբեք չի տրվի նման սադրանքների»,- Գյումրու դեպքերի առնչությամբ երեկ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Սա վերջին տարիների ռուսական քաղաքականության արդեն հոգնեցնող շեշտադրումն է՝ հետխորհրդային տարածքի ցանկացած ընդվզման թիկունքում տեսնել «արևմտյան հետք», դավադրություն: Մեր հասարակությունը հակառուսական տրամադրություններ չունի, ընդամենը պահանջում է արդարություն, և իսկապես զզվելի է, երբ դաշնակիցդ իրեն պահում է կայսրության նման՝ իր քաղաքականությամբ հրահրելով հակառուսական տրամադրություններ: Այնպես որ՝ ճիշտ կլիներ, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների զարգացման արմատները Լավրովն ու մյուսները փնտրեին ոչ թե հեռավոր մայրաքաղաքներում, այլ հենց Մոսկվայում:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 21304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ